«Խաղաղության երկխոսություն»
Երիտասարդ քաղլրագրողների պատրաստման ծրագիր
Պատմություններ, տեսանյութեր, ակնարկներ 24 երիտասարդ մասնակիցներից
Ծրագրի մասին
Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի հյուսիսային երեք մարզերը (Լոռի, Տավուշ, Շիրակ) ներկայացնող 24 երիտասարդ 2019թ․ նոյեմբերին եւ դեկտեմբերին մասնակցեց լրագրության եւ քաղլրագրության, տեսա-լուսանկարահանման երկու չորսօրյա դասընթացի՝ Գյումրիում եւ Դիլիջանում։ Յուրաքանչյուր դասընթացից հետո մասնակիցները սեփական լրագրողական, քաղլրագրողական, ֆոտո, վիդեո կամ մուլտիմեդիա նախագծերը իրենց համայնքներում իրականացնելու հնարավորություն ունեցան։
մասակիցների աշխատանքները
ակնարկներ, մուլտիմեդիա պատմություններ, տեսանյութեր, հոդվածներ
դիտեք ստորեւ

»
Գոհար Այվազյան
Փողոցի ջրատարը՝ որպես կոյուղի
Իբրև կոյուղի ծառայում է փողոցի ձախակողմյան երկայնքով ձգվող ջրատարը։
Վանաձորի Խնձորուտ թաղամասի Սասունցիներ փողոցում կոյուղագիծ չի գործում։ Խնդիրը մտահոգություն և վրդովմունք է առաջացրել բնակիչների մոտ. կենսական անհարմարություններ, հիգիենիկ նվազագույն պահանջները բավարարելու անհնարինություն։

Իբրև կոյուղի ծառայում է փողոցի ձախակողմյան երկայնքով ձգվող ջրատարը։ Ստեղծված իրավիճակում, տեղումնառատ Վանաձորում, սպասված միակ աջակիցը վարար անձրևն է:

80-ամյա Կիմա տատը թաղամասի հնաբնակներից է։ Կյանքի 60 տարիներն անցել են Սասունցիների փողոցի իրենց տանը։ Նա հաստատում է, որ այստեղ կոյուղագիծ երբևէ չի եղել․ 60 տարի շարունակ Կիմա տատն օգտվել է այգում կառուցված փայտե զուգարանից։
Նկարում՝ Կիմա տատը
Հարցը պետք է հնչեցնել ԱԺ-ում։
Խնձորուտցիների համառ ու տևական ջանքերն այդպես էլ մնացել են քաղաքային իշխանությունների անտարբերության ստվերում: Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանի խոսքով՝ խնդրի լուծման վերաբերյալ տարաբնույթ քննարկումներ են եղել:

«Համայնքապետարանը կոյուղագծի կառուցման իրավական պարտավորություն չունի։ Մնում է՝ հարցը մարզի պատգամավորների միջոցով հնչեցնել օրենսդիր ամբիոնից»,- ասում է Կարեն Պառավյանը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն էլ տալիս է նոր կոյուղագծի կառուցման վայրի ընտրության մասնագիտական եզրակացությունը. շինարարական թույլտվություն տրվում է հիդրոտեխնիկական ուսումնասիրության հիման վրա՝ հաշվի առնելով տեղանքի թեքությունը, կեղտաջրերի հեռացման հավանականությունը, մոտակա գործող կոյուղու խողովակի տրամագիծը և այդ հատվածում տեղանքի երկրաբանական մի քանի այլ առանձնահատկություններ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը պատասխանատվություն չի կրում։
«Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը ևս չի ժխտում, որ խնդրի մասին իրազեկ են, ոչ պակաս մտահոգված, սակայն կա երկու արդարացում. նախ ընկերության գործառույթների մեջ չի մտնում նոր կոյուղագծի կառուցումը այն վայրերում, որտեղ նախկինում այդպիսիք չեն եղել, և երկրորդ՝ կոյուղագծի կառուցման համար ընկերությունը պարզապես չունի ֆինանսական բավարար միջոցներ:


Նյութի պատրաստմանն աջակցել է նաեւ «Նոր սերունդ» բարեգործական հասարակական կազմակերպությունը

»
ԱՆՈՒՇ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Փորագրող վարպետը

»
Հեղինակներ՝ Ժաննա Սարգսյան, Հովհաննես Խաչատրյան
Բռնությունը ոչ թե կանխել, այլ թաքցնել
Ապտակ հասցրեց, ապտակին հետևեցին մի քանի ոտքով հարվածներ։
Ամուսնությունից մեկ շաբաթ անց ամուսնու վերաբերմունքը 20-ամյա Աննայի (անունը փոխված է) նկատմամբ միանգամից փոխվեց։ Ուշ էր տուն վերադառնում, երբեմն՝ մի փոքր գինովցած։ Մի անգամ չափից շատ էր խմել։ Կնոջ հարցերի տեղատարափին ի պատասխան՝ մի ապտակ հասցրեց, ապտակին հետևեցին մի քանի ոտքով հարվածներ։

«Հարվածներից հետո լացակումած նստեցի անկյունում։ Մի քանի անգամ գոռաց, որ վեր կենամ և սենյակ գնամ, բայց վախից քարացել էի, մկաններս ինձ չէին ենթարկվում։ Հարձակվեց վրաս, սկսեց ոտքով հուժկու հարվածներ հասցնել։ Հետո թողեց ինձ ընկած ու գնաց քնելու։ Ամբողջ գիշեր մնացի անկյունում փռված։ Լուսաբացին դռան ձայնը լսեցի․ տնից դուրս էր եկել»,- հիշում է Աննան։
Հաջորդ օրն ամուսինը ծաղկեփնջով տուն վերադարձավ, ներողություն խնդրեց և ռեստորան հրավիրեց։ Մեկ շաբաթ հետո Աննան իմացավ, որ երեխա է ունենալու։

Սա կարող էր լինել Հայաստանի ցանկացած վայրում՝ հյուսիսային ինչ-որ գյուղում, կամ հարավի ինչ-որ քաղաքում։ Աննան ամուսնուն ճանաչել է դեռ դպրոցական հասակից, նույն դպրոցում էին սովորել։ Ամուսինը երկու տարով մեծ էր նրանից։ Իրար հետ մոտիկից շփվելու հնարավորություն չէին ունեցել մինչև ութերորդ դասարանը։ Ութերորդ դասարանում մի միջոցառման փորձերի ժամանակ սկսեցին մտերմանալ, միջոցառումից մի քանի օր անց Աննան զգաց, որ կյանքում առաջին անգամ սիրահարվել է։ Զգում էր, որ փոխադարձ է, բայց չէր ուզում մտերմությունը շարունակվի, որովհետև դպրոցում արդեն շշուկներ էին տարածվում իրենց մասին։

«Այն ժամանակ վախենում էի սխալվելուց, խաբվելուց, վախենում էի, որ հայրս կիմանա ու կսպանի ինձ։ Չնայած, որ մերժել էի, այնուամենայնիվ, ամբողջ օրը նրա մասին էի մտածում»,- հիշում է Աննան։

Ծնողները որոշել էին ամուսնացնել՝ չնայած ո՛չ ընկեր չուներ, ո՛չ հավանած տղա։
Անցան տարիներ, Աննան ընդունվեց համալսարան։ Արդեն հասուն աղջիկ էր։ Ծնողները որոշել էին ամուսնացնել՝ չնայած ո՛չ ընկեր չուներ, ո՛չ հավանած տղա։ Մի օր դասից վերադառնալով՝ տեսնում է նույն տղային իրենց տանը։ Արտագնա աշխատանքից էր եկել, բավականին գումար էր վաստակել և հիմա ուզում էր ընտանիք կազմել։ Ծնողների հետ ամեն ինչ պայմանավորվել էին, նույնիսկ նշանդրեքի և հարսանիքի օրերն էին նշանակված։
«Մինչև ամուսնությունը մի քանի անգամ եմ տեսել նրան, այն էլ՝ ծնողներիս ներկայությամբ։ Ոչինչ չգիտեի նրա մասին, սիրելի զբաղմունքները, այլ նախասիրություններ։ Մայրս ինձ հանգստացնում էր՝ ասելով, որ դեռ շատ ժամանակ կունենամ նրան ճանաչելու»,- պատմում է Աննան։

Հղիության ընթացքում ամուսինն իրեն սիրալիր էր պահում։ Ծննդաբերությունից հետո պարզ դարձավ, որ պտուղը մահացած է։ Ծննդաբերությունը բարդ էր անցել, էլ չէր կարողանալու երեխա ունենալ։ Ամուսնու համար դա ծանր հարված էր։ Նախ՝ նրա առաջնեկը մահացած էր ծնվել, հետո՝ այլևս չէր կարողանալու կնոջից ժառանգ ունենալ։ Անընդհատ կռվի թեմա էր ման գալիս, ծեծում էր, վիրավորում, հայհոյում։ Աննան մտածում էր՝ կանցնի, բայց գնալով ավելի էր խորանում։ Ամեն անգամ տնից փախչելուց ապաստան էր գտնում դրկից հարևանի տանը։ Աննան չէր ուզում, որպեսզի հայրն իմանար, մտածում էր՝ իրեն է մեղադրելու։ Հերթական կռիվներից մեկի ժամանակ հարևանի տղան Աննային հայրական տուն հասցրեց։ Հայրն իմացավ։ Բաժանվեցին։

24-ամյա Աննան հիմա ծնողների տանն է ապրում, շուտով ամուսնանալու է մի տղամարդու հետ, որը նույնպես ամուսնալուծված է, ունի երկու երեխա և նրան էլ կինն է լքել։

***

«Հետ գնալ չէի կարող․ ծնողներս չէին ընդունի
Ի տարբերություն Աննայի` 50-ամյա Մարիամը (անունը փոխված է) հետ չգնաց հայրական տուն։

«Հետ գնալ չէի կարող․ ծնողներս չէին ընդունի, խնդիրներիս մասին ոչ ոքի չէի ասում, դե ամոթ էր, սպասելով ու հավատալով ապրում էի, որ մի օր կփոխվի։ Չփոխվեց․ տարիներն ամուսնուս ավելի ագրեսիվ դարձրեցին, ապրեցի ու հիմա էլ ապրում եմ նույն կարգավիճակով՝ միայն մի տարբերությամբ․ հիմա երեխաներս են ինձ ուժ տալիս պայքարելու և ապրելու»,- խոստովանում է Մարիամը։

30 տարի առաջ ամուսնացել է ծնողների հորդորով։ Ամուսնուն տեսել է ընդամենը 1 օր, շփվել ընդամենը մի քանի րոպե։ Ամուսնանալուց հետո Մարիամը տեղափոխվեց ամուսնու հայրական բազմանդամ ընտանիք։ Ընդամենը մի քանի օր ապրելուց հետո սկսվեցին խնդիրները։ Ամուսինն աշխատում էր, տուն վերադառնում՝ երեկոյան, իսկ այդ ընթացքում խնդիրներ էին լինում ամուսնու ընտանիքի հետ․ կենցաղային փոքր պատճառներով ընտանիքում միշտ վեճեր էին։

Երբ մի քանի ամիս անց սկսեցին առանձին ապրել, Մարիամը մտածում էր՝ ամեն ինչ կփոխվի։ Բայց եղավ հակառակը․ ամուսինն ամեն չնչին խնդիրը մեծ պատմություն դարձնելով՝ վեճ էր սարքում․ «Երբ փորձում էի պատասխանել, այնքան էր հարվածում, որ խոսելուս ունակությունն էի կորցնում»։

***
Ընտանեկան բռնությունն ավելի արմատացած է համայնքներում, որտեղ կանայք, ենթարկվելով բռնության, նախընտրում են լռել և չբարձրաձայնել, ամբողջ կյանքում ապրել նման պայմաններում, ամաչել խոսելուց և իրենց իրավունքները պաշտպանելուց։

Ըստ «Սոցիոսկոպ» և «Ընդդեմ կանանց նկատմամբ ընտանեկան բռնության» կոալիցիայի զեկույցի` միջին տարիքի (35-45 տարեկան) կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերն ամենատարածվածն են ու տևական բնույթ են ունենում։ 45-ից բարձր տարիքի կանանց նկատմամբ բռնության դեպքերը ևս տարածված են. արդեն բռնարար ամուսիններին հիմնականում հաջորդում են զավակները։ Այս խմբի կանայք, սակայն, խուսափում են բարձրաձայնել իրենց զավակների կողմից բռնության ենթարկվելու դեպքերի մասին։ Բռնության մասին բարձրաձայնելը համարում են «ամոթալի» իրենց տարիքում, իսկ կարգավորման մեխանիզմներ որոնելը՝ ժամանակավրեպ։


2011թ. ԵԱՀԿ պատվերով իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ․

· 45.1% կանայք բռնության ենթարկվելիս ոչ մի քայլի չեն դիմում,

· 24.1%-ը դիմում են հարազատների, բարեկամների օգնությանը,

· 21.1% զոհերը հակահարված են տալիս,

· 6.8% իրավապահ մարմիններին են դիմում,

· 2.3% ՀԿ-ների աջակցությանն են դիմում։
Այն բռնության ենթարկվող կանայք, որոնք պայքարի ոչ մի մեխանիզմ չեն կիրառում՝ հիմնավորում են իրենց վարքը․

· բռնարարը կփոխվի, կուղղվի՝ 36.7%,

· վախենում են հասարակական արձագանքից՝ 29.4%,

· չգիտեն, թե ինչպես լուծեն ապաստանի հարցը՝ 18,8%։

Կանայք հաճախ դիմում են հոգեբանի՝ ցանկանալով աջակցություն ստանալ, բայց նրանց հիմնական նպատակը ոչ թե բռնության չենթարկվելն է, այլ այդ բռնության տեսարանները երեխաներից և հասարակությունից հնարավորինս թաքցնելը։


Նյութի պատրաստմանն աջակցել է նաեւ «Նոր սերունդ» բարեգործական հասարակական կազմակերպությունը

»


Գոռ Մուրադյան
Մեղվապահը

»
Ապրել փլուզվող օթեւանում, թե՞ դառնալ անօթևան, սա է խնդիրը
Հեղինակ՝ Գեղեցիկ Մանուկյան

Շիրակի մարզում գտնվող Ամասիա գյուղի փողոցներից մեկում միմյանց կողքի կանգնած է 3-րդ կարգի վթարայնության երեք շենք։ Դրանք վթարային էին անգամ մինչեւ 1988թ. երկրաշարժը:

Շենքերի առաջին հարկերում գրեթե մարդ չի բնակվում, որովհետև քանդված ու շատ վատ վիճակում են գտնվում։ Մյուս հարկերը բնակեցված են, սակայն 32 բնակարանիցմիայն 17-ը բնակչներ ունեն։

Առավել շատ վնասված է 15-րդ շենքը։ Լուսինե Բարսեղյանը, որը շուրջ 3 տարի այստեղ է ապրում, պատմում է, որ տան լոգարանը փլուզվել է և ընկել առաջին հարկ։

«Ես այս տանն եմ բնակվում, որովհետև հայրական բնակարանս է։ Շենքը վթարային է, բայց քանի որ չեն համարել 4-րդ կարգի վթարային՝ դրա համար մենք այսպես անորոշ վիճակով ապրում ենք: Լոգարանի փլուզումից հետո էլ մարզպետարանից նամակ է եկել, որտեղ միայն համբերություն են մաղթում»,- ասում է Լուսինեն:

«Մենք հրավիրել ենք մասնագետ՝ վթարայնությունը նորից որոշելու համար, սակայն, ըստ մասնագետի եզրակացության, շենքը 3-րդ, ոչ թե 4-րդ կարգի վթարայնության է»,- հայտնեց Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը:

«ՀՀ-ում վնասվածության 3-րդ և 4-րդ աստիճանի (վթարային և խարխուլ) բազմաբնակարան շենքերի և բնակելի տների (առանձնատների) միանվագ հաշվառման» մասին 2001թ.-ին ընդունված օրենքի համաձայն՝ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաներում առաջացած վնասվածքներն ու մնացորդային դեֆորմացիաները ենթակա են վերացման ուժեղացման-վերականգնման աշխատանքների միջոցով՝ սահմանված կարգով մշակված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա:

Այնինչ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաների վիճակը վթարային է: Շենքերը վտանգավոր են հետագա շահագործման համար: Այդ շենքերի բնակիչներըենթակա են տեղահանման:
Բնակիչները շատ անգամ բողոք են ներկայացրել մարզպետարան: Նորից մասնագետներ են եկել, բայց շենքերի վթարայնության աստիճանը, միեւնույնն է, չի փոխվել:

Վերջերս տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Ամասիայում միակ մտահոգությունն այս շենքերի հետ էր կապված, քանի որ այստեղ ցնցումներն ավելի ուժեղ էին, քան ներքևի գյուղերում։ «Փառք Աստծո այն անգամ ոչ մի փլուզում չգրանցվեց, սակայն չենք կարող երկար խուսափել»,- նշում է համայնքապետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը:

Այնինչ՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն այն շենքերը, որոնց կոնստրուկցիաների վիճակը վթարային է: Շենքերը վտանգավոր են հետագա շահագործման համար, դրանց բնակիչները՝ ենթակա տեղահանման:

Բնակիչները շատ անգամ բողոք են ներկայացրել մարզպետարան: Նորից մասնագետներ են եկել, բայց շենքերի վթարայնության աստիճանը, միեւնույնն է, չի փոխվել:

Վերջերս տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ Ամասիայում միակ մտահոգությունն այս շենքերի հետ էր կապված, քանի որ այստեղ ցնցումներն ավելի ուժեղ էին, քան ներքևի գյուղերում։ «Փառք Աստծո՝ այն անգամ ոչ մի փլուզում չգրանցվեց, սակայն չենք կարող երկար խուսափել»,- նշում է համայնքապետի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը:

Գյումրու «ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հյուսիսային կենտրոնի» մասնագետների խումբը եղել է Ամասիայում։ Դիտարկումներ են կատարվել, սակայն վթարայնության աստիճանի վերանայման մասին որոշումներ չունեն։ Գյումրու սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի սեյսմոլոգ Սերգեյ Նազարեթյանը նշեց. «Ես մի քանի ամիս առաջ եղել եմ Ամասիայում և կրկին վերանայել շենքերի վթարայնությունը, որը սակայն, 3-րդ կարգի է մնում»:

Հաճախակի ստորագրահավաքներ են արվել բնակիչների կողմից, բողոքարկվել է շենքերի վիճակը, բայց պատասխանը եղել է, որ պետք է սպասեն։ Նրանց ուղղված պատասխանում նաև ասվում է, որ ծրագրի մեջ է վթարայնության հարցը, բայց իրագործման ժամկետն է անհայտ։

«Եթե կարողանայինք դուրս գալ այս շենքից, մեկ վայրկյան անգամ չէինք մտածի, քանի որ գնալով փլուզման վտանգն ավելանում է»,- ասում է 15-րդ շենքի բնակիչ Լուսինեն:

Շենքերի բնակիչների կյանքն ամենօրյա վտանգի մեջ է, սակայն նրանց հույսը չի մարում, որ մի օր իրենք էլ հանգիստ ու անվախ գլուխները կդնեն բարձին...
Նյութի պատրաստմանն աջակցել է նաեւ «Նոր սերունդ» բարեգործական հասարակական կազմակերպությունը

»

Ֆրունզ Ավետիսան
Դիլիջան

»
Մեծ տոպրակներով և ձեռնոցներով այս խմբին տեսնելիս՝ պետք չէ զարմանալ
Հեղինակ՝ Ալեն Գրիգորյան

Վանաձորի աղբահանությունից անվերջ բողոքներ լսել միշտ կարելի է․

-Է՜հհ, բալա' ջան, ինչքա՞ն խոսանք, մեկա խոզերն իրենց գործն անում են, իմաստ չկա դրանց նմանների հետ խոսանք։

-Միշտ ես ասել եմ՝ քաղաքի աղբահանությունը քաղաքի բնակիչների երեսն է ցույց տալիս, իսկ քաղաքապետարանը մեղավոր չի, որ մարդիկ անփույթ են։

-Մեր քաղաքը շատ սիրուն է, բայց աղբահանության խնդիրը ահավոր է։ Մեր քաղաքը երբեք մաքուր չի լինում, մանավանդ համերգներից հետո։ Էս խնդիրը բոլորինս է, որովհետև մենք բոլորս պետք է պահենք մաքրությունը, բայց համապատասխան մարդիկ էլ իրենց գործով չեն զբաղվում։ Աղբ թափելու տեղ չկա, դրա համար մարդիկ գետնին են թափում։

-Առաջ քաղաքն ավելի կեղտոտ էր, աղբը ամենուրեք էր, բայց հիմա կարծես թե ավելի է մաքրվել, սակայն, ցավոք սրտի, կան մարդիկ, ովքեր աղտոտում են մեր քաղաքը՝ չգիտակցելով, որ իրենց անտարբերությունն ազդում է բոլորիս առողջության վրա։
Մինչ մարդիկ բողոքում են իրենց շրջապատող աղբից՝ Հակոբ Միկոյանը և իր թիմն աշնանից սկսած մաքրում են Վանաձոր քաղաքը։ Նրանց արդեն հասցրել են միանալ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և Վանաձորի մի քանի ավագանու անդամներ։

Հակոբ Միկոյանի խոսքով, Հայաստանում նման ծրագիր իրականացնելու միտքը հղացել է, երբ տեսել է էստոնացի մի գործարարի` քաղաքն աղբից ազատելու ծրագիրը: «Էստոնիայի ժողովրդի 30 տոկոսը ձնագնդիկի էֆեկտով միացել են նրան: Մեկ օրվա ընթացքում քաղաքն ազատել են 10 տոննա աղբից: Մենք էլ կարող ենք նույնն անել»,- ոգևորված ասում է Հակոբը:

Ծրագրի կազմակերպիչներին քաղաքն աղբից ազատելու գործում աջակցել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնք մտահոգված են բնապահպանական խնդիրներով:

Հակոբ Միկոյանը նշում է, որ այսպիսի նախաձեռնություններում պետք է շատ մարդ ներառվի, և դրական արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով՝ այս ծրագիրն ավելի շուտ խորհրդանշական նշանակություն ունի:

«Սրտացավ մարդկանց լայն շրջանակներն արդեն ավելի խիստ ու հետևողական են լինում մարդկանց նկատմամբ, ովքեր անտարբեր կամ ոչ ճիշտ են իրենց պահում։ Այս դեպքում, կարծում եմ, իր արդյունքները տալու է»,-նշեց նա:

Ակցիայի ակտիվ մասնակիցներից Տաթևիկ Արզումանը միացել է նախաձեռնությանը, երբ տեսել է՝ իր տարիքի մի քանի ռուսախոս տղաներ տարածքի աղբն էին հավաքում։

«Դա ինձ համար շատ տարօրինակն էր, որովհետև ես նման բան չէի տեսել մեր երկրում։ Մինչ նրանք կավարտեին տարածքը մաքրելը, ես մոտեցա նրանց, խոսեցի ու հասկացա, որ իրենց գործի առաջին օրն է։ Հետո ինքս էլ որոշեցի պարտադիր միանալ նրանց», - հիշում է Տաթևիկը:


Ըստ Տաթևիկի՝ նման ակցիաները շատ կարևոր են յուրաքանչյուր երկրի համար. «Եթե քո երկրում դու կարողանաս մասնակից լինել նման ակցիաների, հավատա, որ կկարողանաս մեծ գործ անել բոլորի համար։ Քաղաքը մաքուր ու ապահով պահելով՝ լավ օրինակ ենք ծառայում ապագա սերնդի համար։ Հույս ունեմ, որ շատերը կմիանան մեզ, և մենք կունենանք առողջ ու մաքուր երկիր»:
Նյութի պատրաստմանն աջակցել է նաեւ «Նոր սերունդ» բարեգործական հասարակական կազմակերպությունը

»
Էրիկ Զարգարյան
Սրճարան

»
«Հայաստանի հյուսիսային մարզերում նոր սերնդի քաղլրագրողների պատրաստման» ծրագիրն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից, կանադական «Համայնքային նախաձեռնությունների աջակցության հիմնադրամի» աջակցությամբ:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 2002,
ք. Վանաձոր;
Մյասնիկյան 12, բն. 40, «ԽԵ» գրասենյակ;
Հեռ.՝ +374 (322) 21340;
Բջջ.՝ +374 (55) 820 632; (93) 820 632
Էլ. փոստ՝ ekhachatryan@peacedialogue.am;
mailbox@peacedialogue.am
URL: https://www.peacedialogue.am
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website